Որպես հայ մարդ՝ ես չեմ կարող այսօր չխոսել այն մեծագույն պատասխանատվության մասին, որը դրված է ձեր՝ կրթության ոլորտի նվիրյալներիդ ուսերին։ Մենք ապրում ենք բարդ ժամանակներում, բայց կրթական ու ակադեմիական համայնքը պետք է լինի այն հաստատուն հենարանը, որը չի տատանվում քաղաքական հողմերից։
• Վեր կանգնե՛ք քաղաքական օրակարգերից։ Անկախ նրանից, թե ովքեր են աշխատում իշխանական կաբինետներում և ինչպես են տեսնում իրենց քաղաքական շահերը, դուք պարտավոր եք հիշել, որ ձեր առաքելությունը ժամանակավոր իշխանություններին սպասարկելը չէ։ Դուք պատասխանատու եք սերունդների կրթության, նրանց հոգևոր զարգացման և մարդ կերտելու սրբազան գործի համար։
• Պահպանե՛ք ազգային ինքնության հիմքերը։ Անկախ նրանից, թե ինչպիսի դասագրքեր կպարտադրվեն կամ ինչպիսի նորմատիվներ կթելադրվեն, ձեր բարձրագույն պարտքն է սերունդներին փոխանցել մեր ինքնության, պատմության, լեզվի ու մշակույթի անաղարտ հիմքերը։
• Կերտե՛ք պետական մտածողությամբ քաղաքացիներ։ Դպրոցն ու համալսարանն այն դարբնոցներն են, որտեղ ձևավորվում է վաղվա պետականությունը։ Մեզ պետք են ոչ թե կույր կատարողներ, այլ քննադատական մտածողությամբ, ազգային արժանապատվությամբ և հայրենատիրության զգացումով օժտված անհատներ։
Ձեր ձեռքերում է մեր ապագա պետության ողնաշարը։ Եղե՛ք ամուր, հավատարիմ մնացեք ձեր կոչմանը և թույլ մի տվեք, որ պատմության այս բարդ խաչմերուկում խաթարվի հայ մարդու տեսակը։ Բարի՛, արգասաբեր և ազգային հպարտությամբ լեցուն ուսումնական տարի բոլորիս։
Այս համազգային մտահոգություններն ու աղոթքներն այսօր ինձ համար ունեն նաև շատ անձնական, հայրական հասցե․․․
Իմ նուրբ, իմ լուսավոր Անիին՝ իմ դստերը
Իմ աղջի՛կ, իմ Անի, այսօր դու ոտք ես դնում ավագ դպրոց, ու հոգիս լեցուն է անսահման հուզմունքով, որ դժվար է բառերով բացատրել։ Ոնց որ դեռ երեկ լիներ, երբ դու արեցիր քո առաջին քայլերը դպրոց․ քո փոքրիկ ձեռքը բռնած՝ միասին անցանք դպրության այդ կամարներով, որտեղ դու սկսեցիր քո ճանապարհը՝ զարմացած ու հիացած աչքերով բացահայտելով գիտելիքի մեծ աշխարհը։ Այդ փոքրիկ աղջնակն այսօր արդեն հասուն, գեղեցիկ ու խելացի օրիորդ է, ով պատրաստվում է կերտել իր ապագան։
Սիրելիս, անցիր այս ճանապարհը բարձր պահած գլխով ու սիրով լեցուն հոգով։
Երբեք չմոռանա՛ս այն կարևորագույն ճշմարտությունը․ «Կրթությունը բերում է բարեկրթության․»։
Գիտելիքը միայն գնահատականներն ու գրքերը չեն. այն քո ներքին մշակույթն է, քո վարքագիծը, մարդկանց հանդեպ հարգանքն ու քո տեսակը։
Եղի՛ր բարեկիրթ, եղի՛ր ուժեղ և հիշի՛ր՝ հայրդ միշտ քեզնով է հպարտ և անսահման սիրո՛ւմ է քեզ։
Գևորգ Գևորգյան